
Ուզում եմ հետարքրքվել` ամեն ինչ կարգի՞ն է, ինչու տիկին նախարարն այստեղ չէ ու ինչու ինքը չի ներկայացնում զեկուցվող հարցը: Այս մասին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Կարծում եմ՝ սա այն հարցն է, որ 1-ին դեմքով մենք հիմա պետք է քննարկեինք»,- ասաց Բադալյանը:
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է ՎԶԵԲ-ի կողմից Առողջապահության նախարարությանը 102 մլն վարկ տրամադրելու հարցը:
Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց, որ որոշումը կայացնում է կամ կառավարությունը կամ վարչապետը: «Մինչև տիկին Նանուշյանին խոսք տալը, ասեմ՝ կառավարության թե վարչապետի որոշումով է սահմանվում, թե ով է կառավարության ներկայացուցիչը: Ի սկզբանե տիկին Նանուշյանն է եղել այս օրենքի ներկայացուցիչը: Ենթադրում եմ՝ այստեղ ստորջրյա քարեր չկան»,- ասաց Թորոսյանը:
Փոխնախարարն էլ արձագանքեց. «Մեր աշխատանքներում երբևէ ստորջրյա քարեր չեն լինում»: