Քննչական կոմիտեի նախագահի ելույթը, ճիշտն ասած, խառը զգացումներ առաջացրեց, որովհետև երբ, պարոն Պողոսյան, խոսում եք այն մասին, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է, ես հիշում եմ, որ դեռևս լրագրող եղած ժամանակ, 1999, 2000, 2001 թվականներին անընդհատ գրում էինք այդ մասին և այն մասին, որ ըստ էության, առնվազն ինչ-որ շատ խոսուն փաստեր կան և 2026 թվականին փաստորեն մենք առերեսվում ենք այն փաստին, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտված է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում նշեց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա վկայում է Քննչական կոմիտեի աշխատանքի նոր որակի և հետևողականության մասին, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Քննչական կոմիտեի այն աշխատակիցներին, քննիչներին, որոնք մասնակցել են գործին։
Բայց միևնույն ժամանակ հարց է ծագում, բա 99 թվականից այս կողմ ինչի չի բացահայտվել այդ գործը։ Եթե հիմա բացահայտվել է, նշանակում է նախորդող 27 տարիների ընթացքում հնարավոր էր այդ գործը բացահայտել, ինչի՞ չի բացահայտվել։ Այս հարցը շատ ֆունդամենտալ պրոբլեմներ է բարձրացնում։ Ընդ որում, հարցը երկու մասից է բաղկացած, մինչև 2018 թվականը ինչի չի բացահայտվել, 2018 թվականից հետո ինչի չի բացահայտվել։
Եթե ճիշտ եմ հիշում, նաև Վահրամ Խորխոռունու սպանության հետ կապված այս ընթացքում բացահայտում եղավ, և նաև մի շարք գործերի»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հիմա նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս բացահայտել գործեր, որոնք նախկինում հնարավոր չէր բացահայտել, բայց իր նշած գործերի բացահայտման ժամանակ նոր տեխնոլոգիաներ չեն կիրառվել. «Ինչպես ասում են հին ձևերով գործը բացահայտել ենք, ինչի՞ չի բացահայտվել մինչև հիմա։
Շատ ուրախալի է և շատ լավ բանի մասին է վկայում, որ նաև հիմա քննչական կոմիտեն այդ բոլոր գործերին անդրադառնում է և այդ բացահայտումները անում է։ Բայց նաև երբ մեր հանրությունը լսում է, նույն հարցերը հարցերը իրենց մոտ է ծագում։
Մենք պետք է փակենք այդ էջը, երբ մենք նման իրավիճակների ենք արձանագրում, որովհետև խնդիրը այստեղ ոչ միայն կոնկրետ գործերն են, այլև հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և պետության նկատմամբ»,– հայտարարեց նա։



