Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից բավական ուշագրավ է հատկապես մեկը։ Ըստ այդմ, Բաքվի բռնապետը հայտարարել է, որ որոշ արտասահմանյան մայրաքաղաքներում իրեն իշխանությունից հեռացնելու փորձեր են եղել եւ նույնիսկ 2005 թվականին Ադրբեջանում «նարնջագույն հեղափոխության» փորձ է եղել։
Դժվար է ասել, թե կոնկրետ որ մայրաքաղաքներում են մտադրություն ունեցել Ալիեւին գահընկեց անել, կամ դժվար է նաեւ ասել, թե արդյոք այժմ էլ նման մտադրություններ կան թե ոչ, սակայն պարզ է այն, որ Ադրբեջանի ղեկավարությունն անում է ամեն բան, որպեսզի «դրսում» նման մտադրություններ ստեղծվեն կամ հասունանան։
Տեսականորեն, նման մտադրությունների առկայությունը այժմ էլ բացառել չի կարելի, հատկապես այն իրադրությունը հաշվի առնելիս, որում հիմա գտնվում է Ադրբեջանի իշխող կլանը։ Խնդիրն ամենեւին էլ ադրբեջանցի ժողովրդին երազելի դեմոկրատիան ու ազատությունը պարգեւելը չէ։ Խնդիրն ավելի պրագմատիկ է՝ կա աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական որոշակի շահավետություն, օրինակ, Ադրբեջանում Ալիեւների կլանը հեռացնել ասպարեզից եւ այլ մեկին բերել իշխանության։
Հասկանալու համար, թե ինչն ինչոց է, պետք է հասկանալ թե ինչ է ներկայացնում Ադրբեջանը տնտեսական առումով։
Այն Հարավային Կովկասի մակարդակում բավական յուղոտ պատառ է տնտեսական առումով։ Այստեղ հոսում են ներդրումներ եւ ոչ քիչ ծավալի, եւ ներդրողները հետաքրքրված են, որպեսզի իրենց ներդրումներին որեւէ վտանգ չսպառնա եւ լինի կայունություն, անվտանգություն ու ապահովություն, եւ հեռացված լինեն այն խնդիրները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ այդ ներդրումներին։
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն, ըստ այդմ, նմանատիպ գործողություն կարելի է համարել, հատկապես ընդգծված ադրբեջանամետ արդյունքները եթե հաշվի առնենք։ Սակայն նույնիսկ այս պարագայում, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ընկած ողջ այս ժամանակահատվածի ընթացքում Բաքուն քայլ առ քայլ ապացուցում է, որ քանի այնտեղ իշխանության ղեկին Ալիեւներն են` իրենց հոգեխանգարված երեւակայությամբ եւ պրիմիտիվիզմով, կայուն, ապահովություն ու անվտանգություն Ադրբեջանում չի լինելու, հետեւաբար նաեւ ներդրողների բիզնես շահերին սպառնացող վտանգները մշտապես առկա են լինելու։
Հատկապես այսպես կոչված «ռազմական ավարի պուրակի» բացումից հետո պարզ դարձավ, որ իրականում հայ-ադրբեջանական դիմակայության մեջ հիմա դադարի շրջան է եւ դիմակայությունը ամենեւին էլ ավարտված չէ, որովհետեւ, եթե նույնիսկ պարտված թշնամուդ հետ հարգանքով չես վերաբերվում, նա անպայման վերադառնալու է։ Ու սա ամենեւին կապ չունի հայկական կողմի ռեւանշիստական նկրտումների հետ։ Պարզապես Իլհամ Ալիեւն է իր հոգեխախտ էությամբ ամեն օր, քայլ առ քայլ սադրում ռեւանշիզմ, հասունացնում այն միտքը, որ արդեն ժամանակը եկել է, որպեսզի Ադրբեջանում քաղաքական արմատական փոփոխություններ լինեն։
Պատահական չէ, որ արեւմտյան շատ գործիչներ «ռազմական ավարի պուրակի» բացումից հետո Իլհամ Ալիեւին համեմատեցին Սադամ Հուսեյնի, Ադոլֆ Հիտլերի կամ Մուամմար Քադաֆիի հետ։ Չմոռանանք, որ ադրբեջանական հասարակությունն էլ բավական դժգոհություններ ունի, եւ դրանց ճիշտ գեներացումը կարող է Ադրբեջանի համար արմատական փոփոխությունների դուռ բացել։ Իսկ նման գեներացում, ինչ ինչ, բայց աշխարհի «մեծերը» հանուն իրենց շահերի անել գիտեն։ Պարզապես, երեւի հարմար ժամանակի են սպասում։