
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դատական հայց է ներկայացրել The New York Times-ի (NYT) դեմ՝ 15 միլիարդ դոլար պահանջելով զրպարտության համար։ յս մասին գրում է The Washington Post-ը (WP)։
Սեպտեմբերին, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, դաշնային դատավորը «մերժել էր սկզբնական հայցը և կտրուկ քննադատել դատական դիմումի քաղաքական տոնը»։ Շտկված բողոքի մեջ, որը ներկայացվել է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքի շրջանային դատարան, շեշտը դրվել է NYT-ի, դրա երեք թղթակիցների և Penguin Random House հրատարակչական տան հայտարարությունների վրա։ Թրամփի փաստաբանները դրանք որակել են «չարամիտ, զրպարտչական և նվաստացուցիչ»։
Խոսքը Թրամփի գործնական ձեռքբերումների և նրա հարստության ծագման վերաբերյալ պնդումների մասին է, որոնք հիշատակվել են The New York Times-ի հետաքննող լրագրողներ Սյուզան Քրեյգի և Ռաս Բյութների կողմից գրված Lucky Loser (2024) գրքում, ինչպես նաև NYT-ի տարբեր հոդվածների մասին։
WP-ի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ շրջանային դատավոր Սթիվեն Մերիդեյը, որը նշանակվել է Ջորջ Բուշ Ավագի (1924-2018) կողմից, մերժել է Սպիտակ տան ղեկավարի նախնական բողոքը։ Մերիդեյը հայտարարել է, որ սկզբնական 85-էջանոց բողոքն «ակնհայտորեն անտեղի և անթույլատրելի էր», հավելելով, որ այն ավելի շատ նման էր քաղաքական երկարաշունչ ճառի, քան լուրջ իրավաբանական դիմումի։ Դատավորի որոշման համաձայն՝ ցանկացած վերանայված դիմում չպետք է գերազանցի 40 էջը։
ԱՄՆ նախագահի երկրորդ դիմումը տեղավորվում է Մերիդեյի կողմից որոշված շրջանակներում։ Դրանում բացակայում են 2024 թ. նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի վերաբերյալ առանձին քաղաքական մեկնաբանություններ։
«Հիշատակված հայտարարություններն անիրավաչափորեն արատավորում և նսեմացնում են Թրամփի մասնագիտական հեղինակությունը, որը նա քրտնաջան կերպով տասնամյակների ընթացքում ձեռք է բերել որպես մասնավոր անձ՝ նախքան ԱՄՆ նախագահ դառնալը, այդ թվում՝ որպես հաջողակ գործարար և բոլոր ժամանակների ամենահաջողված «Թեկնածուն» ռեալիթի շոուի աստղ, - ասվում է վերանայված բողոքում։