
Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերում էր, որում պարզաբանեց իր անվան շուրջ ստեղծված իրավիճակը:
Սանասարյանը նշեց, որ ինքը հետաքրքրվել է երեխայի առողջականով և ծնողների հետ գնացել է հիվանդանոց: Երեխային ռենտգեն են արել, որից պարզ է դարձել, որ երեխայի մոտ ոչ կոտրվածք կա, ոչ՝ ճաք: Բժիշկներն առաջարկել են գիպս դնել, որպեսզի վերքը շուտ լավանա.«Գիպսը դնելուց հետո ծնողը և երեխան ուրախ գնացին տուն: Ես էլ ասեցի՝ Ալեքս ջան կապի մեջ»: Սանասարյանը նշում է, որ հաջորդ օրը ծնողները զանգել և մունաթ են եկել իր վրա, ասելով, որ գիշերը երեխան լավ չի եղել և տանում են նրան Ծերեթելիի հիվանդանոց.«Ինձ ասացին՝ կգա՞ք: Ասեցի՝ իհարկե, ու գնացի: Երկար սպասեցինք նեյրոխիրուրգին: Պարզվեց, որ ամեն ինչ կարգին է և երեխան փոքր տարիքում գլխի հետ կապված խնդիր է ունեցել: Էլի ռենտգեն արեցին, ասեցին՝ խնդիր չկա, նորից գիպս դրեցին: Ասում են, թե ես բժիշկների վրա ազդել եմ, բայց դա կատարյալ սուտ է: Ես ամեն օր զանգել եմ, որպեսզի իմանամ Ալեքսը ոնց է»:
Սանասարյանի խոսքով՝ այնուհետև երեխայի ծնողները պարբերաբար իրենից գումար են ուզել.«Ասեցին 100 հազար դրամ գումար է պետք, որպեսզի ուսուցիչ գա տանը երեխայի հետ պարապի կամ ես տանեմ ուսուցիչ: Հետո էլի տարբեր հարցերով գումար էին ուզում: Ասում են՝ լրագրողները հետաքրքրված են այս գործով: Ես էլ ասեցի՝ տվեք լրագրողների համարները, ես նրանց հետ կխոսեմ: Ես որևէ վախենալու բան չունեմ»: Դավիթ Սանասարյանը նշում է՝ ինչ սկսել է գումար չտալ ընտանիքին, ծնողներն ասել են՝ չզանգեք և չհետաքրքրվեք երեխայով.«Սա հանցագործության մասին հաղորդում է: Փորձում են վախեցնելով գումար վերցնել: Նոր Հայաստանում չի կարող նման բան լինել: Այս կերպ մարդիկ չպետք է գումար վաստակեն: Վաղ թե ուշ ամեն բան պարզ կլինի: Սիրում եմ բոլորիդ: Իմ սերը չի պակասում , թեկուզ կատաղեցնեն բոլոր ձևերով»:
Հիշեցնենք, որ երեկ Analitik.am-ը նյութ էր հրապարակել, որ օրեր առաջ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Ըստ կայքի վրաերթը թաքցվել է և չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում: