Ի՞նչ նպատակով ենք մենք կրճատում պաշտպանական ծ...

ՀՀ կառավարության կողմից 2026 թվականի համար ներկայացված պետական բյուջեի նախագիծը շարունակում է մտահոգություններ առաջացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Պաշտպանության ոլորտում այս տարվա և հաջորդ տարվա համադրելի թվերը, ավելի քան, մտահոգիչ են։ Մասնավորապես, եթե 2025-ի համար պաշտպանության նախարարությանը հատկացվող ֆինանսավորումը 664.6 մլրդ դրամ է, ապա 2026-ին այդ թիվը նվազել է մինչև 563.1 մլրդ դրամ։ Նվազումը կազմում է ավելի քան 101.5 մլրդ դրամ։

Ի՞նչ է փոխվել․

1․ Ռազմական ուսուցում և վերապատրաստում․ 2025թ․ -ին՝ 1.07 մլրդ դրամ, իսկ 2026թ․-ին՝ 387 մլն դրամ, կամ նվազումը կազմում է շուրջ 700 մլն դրամ։ Այս հոդվածով կտրուկ կրճատվել են արտասահմանյան ուսումնական ծրագրերն ու վերապատրաստումները։

2․ Պաշտպանության ապահովում (մարտական պատրաստականություն)․ 2025թ․-ին՝ 660.9 մլրդ դրամ, իսկ 2026թ․-ին՝ 560.1 մլրդ դրամ, կամ նվազումը կազմում է շուրջ 100.8 մլրդ դրամ։ Գլխավոր պատճառը՝ «ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում» ծրագրի շրջանակներում «ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ կարիքների բավարարում» միջոցառումը (116.2 մլրդ դրամ) ամբողջությամբ դուրս է հանվել։

3․ Միջազգային ռազմական համագործակցությունը՝ գրեթե անփոփոխ՝ մոտ 942 մլն դրամ, Ռազմաբժշկական ծառայություններ՝ փոքր նվազում՝ մոտ 16 մլն դրամ և և Հումանիտար ականազերծումը՝ փոքր նվազում՝ մոտ 15 մլն դրամ։

Փաստորեն ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեի կրճատման հիմնական պատճառները ՀՀ պաշտպանության ապահովման (մարտական պատրաստականության) շրջանակներում կապիտալ կարիքներ բավարարմանն ուղղվող միջոցների կրճատումն է (116 մլրդ դրամ) և ռազմական ուսուցման ծախսերի կտրուկ կրճատումը (700 մլն դրամ)։

Տարակուսանք է առաջացնում այն, որ այսօր, երբ գրեթե բոլոր պետությունները, այդ թվում մեր ոչ բարեկամ հարևանները, անընդհատ մեծացնում են իրենց ռազմական ծախսերը, Հայաստանը գնում է հակառակ ուղղությամբ։

Ի՞նչ նպատակով ենք մենք կրճատում պաշտպանական ծախսերը։ Ի՞նչ անվտանգության մոդելի ենք ձգտում։ Եվ ամենակարևորը՝ այսպիսի քաղաքականության պայմաններում հնարավո՞ր է խոսել բանակի արդիականացման և իրական ռազմական պատրաստվածության մասին»,- գրել է նա: