Ինչ կնշանակի Հայաստանի սահմանների՝ ամբողջապես...

Հայկական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, առաջիկայում Հայաստանի սահմանների պահպանությունն ամբողջապես կհանձնվի Ռուսաստանին եւ նույնիսկ նախատեսվում է միջպետական իրավապայմանագրային բազայի լրացում կատարել, որով նաեւ հայ-ադրբեջանական սահմանին կհայտնվեն ռուսական զինվորականները եւ կիրականացնեն սահմանի պահպանություն։ Նույնիսկ նշվում է, որ այս գործը գլուխ բերելու համար առաջիկայում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։

Մի կողմից, սա իհարկե լավ է, եթե իրականություն դառնա, քանի որ ներկա փուլում, որը կարելի է անվանել հետպատերազմական շրջան, որքան քիչ հայ եւ ադրբեջանցի զինվորականները իրար տեսնեն, այդքան լավ։ Մյուս կողմից, սակայն երկրիդ սահմանները հանձնում ես ուրիշին, որ պաշտպանի քեզ, կապ չունի թե այդ ուրիշը քո դաշնակիցն է, թե ոչ, ապա կամա թե ակամա նվազեցնում ես քո ինքնիշխանությունը եւ միջազգային սուբյեկտայնությունը։

Իհարկե, դաշնակիցը, նույնիսկ ամենամոտ ու ամենից անկեղծ դաշնակիցը կարող է շատ պրոֆեսիոնալ կերպով իրականացնել սահմաններից պաշտպանությունը, կամ պահպանությունը, սակայն երբեք չպետք է մոռանալ, որ այդ դաշնակիցը նախ եւ առաջ ունի իր շահերը եւ առաջնորդվում է այդ շահերով։ Բացի այդ, դա նաեւ ռուսական ազդեցության ավելացման հավելյալ լծակներ է ստեղծում Հայաստանի վրա։ Եթե ընթերցողը կհիշի, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հայտարարեց, որ շնորհակալ է Ռուսաստանին աջակցության համար։

Հիմա արդեն կարելի է հասկանալ, թե ինչ աջակցության մասին է եւ դրա գինը որն է։ Ըստ էության, պետք է հստակ արձանագրել, որ Հարավային Կովկասում դիրքեր ամրապնդելու Ռուսաստանի գլոբալ «օպերացիայի» ներկա փուլում Կրեմլի համար Հայաստանի ղեկավարը պետք է հենց լինի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ամեն բան լինի Կրեմլի ուզածով, եւ ըստ էության, Հայաստանը զրկվի նաեւ ինքնիշխանության այս վերջին փշրանքից նաեւ։

Ու այստեղ այլեւս լիովին տեղին են հնչում ադրբեջանական մեդիայում շրջանառվող այն թեզը, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել Ռուսաստանի «Հարավ-Կովկասյան դաշնային ռեգիոնի»։