Ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, օրինակ...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել, որով սահմանափակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանում ռազմական գործողություններ ծավալելու իրավունքը։ Բանաձեւը այժմ ուղարկվել է Սենատ։

Հասկանալի է, որ Սենատում մեծամասնություն ունեցող Թրամփի համար այն բանաձեւը չեզոքացնելը մեծ խնդիր չի լինի։ Սակայն, հատկապես մեզ՝ հայերիս համար այս ողջ պատմությունից այլ բան է հետաքրքիր։ Նախ, տեսնում ենք թե ինչպես են գործում իշխանության թեւերը անկախ կերպով՝ հարկ եղած դեպքում մեկը մյուսին հակակշռելով եւ վերահսկելով, մի բան, որ այսօր Հայաստանում չկա։

Հայաստանում փաստացի գործում է մեկ մարդու իշխանություն։ Իհարկե ամերիկյան կառավարման համակարգը, ամերիկյան քաղաքական համակարգի կայացվածությունը չես համեմատի Հայաստանի կառավարման համակարգի եւ քաղաքական կիսամեռ հակամարգի հետ, բայց եւ, լավ օրինակը միշտ էլ կարող է վարակիչ լինել։

Տեսնում ենք նաեւ, թե երկրի ղեկավարի ոչ ճիշտ մտածված հրամանի արդյունքում, երբ գլոբալ սպառնալիքներ են ստեղծվում, ինչպես են սկսում գործել իշխանության տարբեր ճյուղերի միջեւ առկա զսպման մեխանիզմները։ Հայաստանում դրանք պարզապես չկան։ Իսկ օրինակ եթե վաղը, օրինակ, որպես մղձավանջային ու անհնարին սցենար, Նիկոլ Փաշինյանը որոշի, օրինակ հրթիռով հարվածել հարեւաններից մեկին, ով է նրան կաշկանդելու, ինչ զսպող մեխանիզմներ են գործելու․ օրենսդիրը Փաշինյանի գրպանում է, գործադիրը գրպանում է, դատական իշխանությունից էլ մի հատ հոգեվարք ապրող ՍԴ է մնացել, որ դեռ գրպանում չէ Փաշինյանի, հանրային ճնշման ու քաղհասարակության մասին խոսելն էլ պարզապես ավելորդ է՝ «ֆեյքերի ֆաբրիկայի» արեւը թող միշտ փայլի իշխանության երկնակամարում։

Այս պայմաններում թերեւս մնում է այն, որ հասարակությունը պարտավոր է իմանալ, թե իր ղեկավարները որքանով են կանխատեսելի, որքան լիարժեքորեն են տիրապետում իրադրությանը եւ ի զորու համարժեք քայլերի՝ զերծ էմոցիաներից, ու պահի ազդեցությունից։

Հ․Գ․ Մեր պետության դեպքում հուսադրողն այն է, որ վարչապետը ոչ պատերազմական վիճակում ուղիղ հրամաններ չի կարող տալ բանակին և որ ամենակարևորն է բանակի փորձառու գեներալները կկարողանան թերթի նախկին խմբագիր վարչապետ Փաշինյանին կանգնեցնել։