Ինչ կապ ունի Մարիամ Փաշինյանը «օրենքով գողի»...

Հայաստանը իբր Եվրոպա տանող իշխանությունները շարունակում են դրսևորել այնպիսի վարքագիծ, որի պարագայում եվրոպական երկրներում ցանկացած մեկը վաղուց կկորցներ իշխանությունը։

Օրերս տարածվեցին լուսանկարներ, որոնցից պարզ դարձավ, որ Փաշինյանի ընտանիքի անդամները ջերմ հարաբերություններ ունեն «օրենքով գողի» տիտղոս ունեցող, «Արսեն Երևանի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանի ընտանիքի անդամների հետ։

Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանը իբր դեպի Եվրոպա առաջնորդող Փաշինյանի իշխանությունը նաև օրենք է ընդունել, ըստ որի՝ «օրենքով գող» կամ «քրեական հեղինակություն» լինելը քրեական պատասխանատվություն է նախատեսում։

Իհարկե, այս օրենքն ինքնին վիճահարույց էր, քանի որ մարդիկ փաստորեն պետք է դատապարտվեին նույնիսկ չկատարած հանցագործության համար։ Բայց ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս դեպքում էլ օրենքը չի վերաբերում Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ երկար տարիներ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հետապնդվում էր իրավապահների կողմից, քանի որ կասկած կար, թե նա կարող է կապ ունենալ մաֆիայի հետ։ Եվրոպական երկրներում բազմաթիվ գործիչներ լրջագույն խնդիրների առաջ են կանգնել միայն քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ լուսանկարների պատճառով։ Միայն Հայաստանում է, որ երկրի ղեկավարի ընտանիքի անդամները լուսանկարվում են քրեական աշխարհի ներկայացուցչի ընտանիքի անդամի հետ, իսկ իշխանական խմբակցության պատգամավորի որդին իր հարցերը լուծում է «օրենքով գողի» միջնորդությամբ։

Ահա սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը․ այստեղ ամեն բան կեղծ է, օրենքները գրվում են «հենց այնպես» և գործի դրվում միայն այն ժամանակ, երբ պետք է պատժել որևէ ընդդիմախոսի։