Ամիսներ առաջ Politik.am-ը հրապարակել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ հարցազրույցը, որի ժամանակ կինը խոսել էր իր նկատմամբ կիրառված բռնությունների և հոգեբանական ճնշումների մասին։ Կինը մեզ էր տրամադրել նաև կապտուկներով լուսանկարներ։
Ի պատասխան կնոջ հայտարարությանը Բաքոյանը հայտարարել էր, թե դիմել է դատախազություն․ «Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակվել, զանգել եմ Գլխավոր դատախազություն, տեղյակ պահել, որ գործին ընթացք տան, ուսումնասիրեն, առայժմ այսքանը», - ասել էր Բաքոյանը:
Այդ օրերին դատախազությունը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ պատգամավորից ոչ մի դիմում չի ստացել։ Բաքոյանի քաղաքացիական կնոջ հայտարարությունից անգամ ամիսներ անց իրավապահները այդպես էլ չպատասխանեցին օդում կախված հարցերին։ Այս գործով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի զբաղվում էր Ազգային անվտանգության ծառայությունը։ Այդպես էլ հանրությանը չտեղեկացրեցին, թե կնոջ ծեծի, գումարների շորթման հետ ինչ կապ ուներ պատգամավորը։
Հիշեցնենք նաև, որ կնոջ հայտարարությունից առաջ էլ եզդի հոգևորական էր հայտարարությամբ հանդես եկել, որով Ռուստամ Բաքոյանին մեղադրել էր ավելի քան 100 հազար դոլարի յուրացման մեջ։ Ըստ եզդի հոգևորականի, Բաքոյանը և Ռոման Սլոյան անունով եզդի մի գործարար պատերազմի օրերին դրսում ապրող եզդիների ուղարկած օգնությունն իրենցով են արել, իսկ հետո գումարի անհետացումը փորձել են կապել իր հետ։
Այս հայտարարությամբ ըստ եղած տեղեկությունների ևս զբաղվում էր Ազգային անվտանգության ծառայությունը։ Ու այս դեպքում ևս չեղավ հրապարակային տեղեկատվություն, թե ով է յուրացրել պատերազմի ժամանակ եկած օգնությունը և ինչ կապ ունի դրա հետ Ռուստամ Բաքոյանը։
Իրավապահների լռությունը և Բաքոյանի դեմ հայտարարություններով հանդես եկած կնոջ ու հոգևորականի նկատմամբ քայլեր չձեռնարկելը ենթադրելու տեղիք են տալիս, որ ԱԱԾ-ում տեսել են իշխանական պատգամավորի մեղքը և որոշել են գործերը ծածկադմփոց անել։



