Ինչ է ուզում հայ կանանցից Աննա Հակոբյանը․ չար...

Աննա Հակոբյանը հերթական անգամ ընտրել է հասարակության համար զգայուն թեմա՝ ընտանեկան բռնությունը։ Թեմա, որի շուրջ որևէ առողջ մտածող մարդ չի կարող առարկել։ Սակայն հանրային խոսքում երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, թե ինչ ես ասում, այլ այն, թե ով է ասում։

Հայաստանում դժվար է գտնել մեկ այլ իշխանական դեմք, որի նկատմամբ հանրային վերաբերմունքն այնքան կտրուկ բևեռացված լինի, որքան Աննա Հակոբյանի նկատմամբ։ Շատերի ընկալմամբ նա վաղուց այլևս պարզապես վարչապետի կին չէ։ Նա դարձել է այն քաղաքական մշակույթի խորհրդանիշներից մեկը, որը տարիներ շարունակ հասարակությանը բաժանել է «մերոնց» և «ձերոնց», «արժանիների» և «անարժանների», «ճիշտ մարդկանց» և «սխալ մարդկանց»։ Այդ պատճառով, երբ նույն մարդը սկսում է խոսել համերաշխության մասին, նրա խոսքը բախվում է ոչ թե անտարբերության, այլ սեփական անցյալի հետ։

Ուշադրություն է գրավում նաև հայտարարության կառուցվածքը։ Այն սկսվում է սեփական կյանքի նկատմամբ սպառնալիքների մասին խոսելով, ապա միայն անցնում ընտանեկան բռնությանը։ Արդյունքում հանրային խնդրի կենտրոնում հայտնվում է ոչ թե բռնության ենթարկված կինը, այլ հենց Աննա Հակոբյանը։ Անկախ նրանից՝ դա գիտակցված հաղորդակցական քայլ է, թե ոչ, ստեղծվում է տպավորություն, որ հասարակական ցավը կրկին վերածվում է անձնական քաղաքական պատմության։

Ամենացավալին, սակայն, ուրիշ բան է։ Երբ որևէ քաղաքական գործչի նկատմամբ հանրային վստահությունն այնքան է մաշված, որ նույնիսկ ամենամարդկային թեման սկսում է ընկալվել քաղաքական հաշվարկի պրիզմայով, դա արդեն մեկ մարդու խնդիրը չէ։ Դա իշխանության տարիներով կուտակած կապիտալի արդյունքն է։ Վստահությունը հնարավոր չէ պահանջել։ Այն հնարավոր է միայն վաստակել։ Իսկ եթե հասարակության մի ստվար հատված քեզ այլևս չի ընկալում որպես համախմբող, այլ հակառակը՝ որպես այն մթնոլորտի խորհրդանիշ, որն ինքը պառակտել է երկիրը, ապա ամենաճիշտ խոսքերն անգամ կորցնում են իրենց ուժը։