Ի՞նչ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում

«Լուսավոր Հայաստան»-ի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, որը պետք է քննարկվի ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:

Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը
վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերն արգելափակելու և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարության կապակցությամբ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

կ ո չ  է  ա ն ու մ

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները»: