2026–ի ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը չունեք. այդ որոշումները կլինեն հունվար–փետրվարին, ավելի շուտ չարժի քննարկել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես չեմ ուզում՝ մենք մտնենք նախընտրական տրամադրությունների մեջ հիմա։ Թե ով է գլխավորելու ցուցակը, կախված է հետեւյալից, թե ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիայի համաձայն»,–ասաց նա։
Հարցին, հնարավո՞ր է առանձին առանձին մասնակցելով հեռացնել իշխանություններին, թե՞ կոնսոլիդացիա է պետք, Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որ երեք միավորով կարելի է։ Այդ խոշոր միավորը արհեստական չի կարող լինել։ Ես գիտեմ, որ քաղաքական դաշտում այսօր որոշ ուժեր բանակցում են եւ միայն ողջունում եմ դա։ Բայց նաև ձայներ փոշիացնելու խնդիր կա։ Մարդիկ այդ պատասխանատվությունը զգում են եւ գնում են խոշորացման։ Իմ տպավորությամբ, այո, երեք աշխատող միավորները կարող են բավական համոզիչ միասին հաղթանակ տանել այս ընտրություններում»։
Ճշտող հարցին՝ ինքը հիմա տեսնո՞ւմ է այդ երեք ուժերին, թե՞ տեսականորեն է ասում, երկրորդ նախագահն արձագանքեց. «Ես դա տեսնում էի տեսականորեն մի 6 ամիս առաջ։ Նույնիկս տեսնում էի, թե ինչ դիրքավորմամբ է դա կարող լինել։ Մեկը բնական ձեւով եղավ՝ Սամվել Կարապետյանը։ Իմ տպավորությամբ լինելու են եւս մի քանի միավորումներ, միանալու են, փորձելու են ավելի միավորված մասնակցել ընտրություններին, որից մեկը առավելություն է ստանալու մյուսների հանդեպ։ Ես չգիտեմ՝ ով է լինելու։
Ես չգիտեմ՝ եթե Սամվել Կարապետյանին չկալանավորեին, ինչ շարունակություն սա կունենար, բայց ստացվեց բնական և ոչ բնական ձեւով, որովհետեւ կալանավորելը հեչ բնական չէ»,– ընդգծեց նա։



