Իմ սիրտը կոտրվում է՝ տեսնելով, թե ինչպես են Ս...

Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշը դիմել է Թբիլիսիում ընթացող «Պուտինիզմի հաղթանակը» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Նախկին նախագահի նամակն ընթերցել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ջորջ Բուշ կրտսերի ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Քրամերը։

Ջորջ Բուշ կրտսերի խոսքով` ամբողջ աշխարհի ուշադրությունն այժմ բևեռված է Ուկրաինայի վրա։ Նա կարծում է, որ այս պատերազմի արդյունքը հսկայական ազդեցություն կունենա ժողովրդավարության և ազատության վրա աշխարհում, այդ թվում՝ Վրաստանի։

«Ուկրաինայում հաղթանակը կարող է նաև ճանապարհ հարթել ձեր երկրի 20%-ի ռուսական օկուպացիայի ավարտի համար՝ Պուտինի ներխուժումից 15 տարի անց»,- ասել է Բուշը։

Նա հավելել է, որ վրաց ժողովուրդը «շարունակում է վճռականորեն աջակցել Անդրատլանտյան ժողովրդավարական համայնքին անդամակցությանը՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու միջոցով»:

«Ժողովրդավարական արժեքներին վրացական կառավարության հավատարմության վերաբերյալ հարցերը մնում են: Սիրտս կոտրվում է` տեսնելով, թե ինչպես են բանտում վարվում ձեր երրորդ նախագահի հետ, որին անձամբ ճանաչում էի։  Շատերին անհանգստացնում է ձեր երկրում Ռուսաստանի աճող ազդեցությունը և այն փաստը, որ ռուսական այս ազդեցությունը տարածվում է ուկրաինացի ժողովրդին և կառավարությանն ուղղված աջակցության վրա»,- ասել է Ջորջ Բուշը: