ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողները զրուցեցին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
«Քննարկում էինք խմբակցության առաջիկա անելիքները, քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, առաջիկա լիագումար նիստում դա արդեն կլինի, ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողովի, Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծման հարց կդնենք: Նաև վեթինգի նախագիծն ունենալու համար որոշում է կայացվել, այսօրվանից շարունակվում են, նախապես մեկնարկը տրված է եղել»,- ասաց Մակունցը:
Թե ինչ գործիքակազմ է կիրառվելու վեթինգի՝ զտման համար՝ Մակունցը չասաց, միայն վստահեցրեց, որ հնարավորինս սեղմ ժամկետում նախագիծը կլինի: Թե քննիչ հանձնաժողովներում ովքեր են ներգրավվելու, ինչ ձեւաչափով է ստեղծվելու՝ Մակունցը պատասխանեց. «Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը կզբաղվի, քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»:



