Իմ խնդիրը մեզ այս պատերազմից դուրս բերելն է․...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի շուրջ և խոստացել է, որ հաշվի կառնի Մոսկվայի հետ Վաշինգտոնի առաջիկա շփումների արդյունքները։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա բավականին մոտ ապագայում», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով ՌԴ-ի դեմ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ հարցին։

«Վաղը (օգոստոսի 6-ին) մենք հանդիպում կունենանք Ռուսաստանի հետ, որից հետո կարելի կլինի որոշումներ կայացնել», - հավելել է ԱՄՆ ղեկավարը՝ նկատի ունենալով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա։

Ընդ որում, նա չի նշել հնարավոր մաքսատուրքերի չափը։

«Ես երբեք այս թիվը չեմ նշել, բայց մենք կարող ենք ինչ-որ բան անել այս առումով», - պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք մաքսատուրքերը կարող են կազմել 100%, ինչպես նա հայտարարել էր ավելի վաղ։

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը նախկին նախագահ «Բայդենի պատերազմն է»։

«Իմ խնդիրը մեզ այս պատերազմից դուրս բերելն է», - հավելել է նա։