
Օգոստոսի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով աշխատանքային այցով այցելել է Թուրքմենստան:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի դեմ առ դեմ հանդիպումը, որին հաջորդել է նաև երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը:
«Մեզ միավորում է Կասպից ծովը։ Վստահ եմ, որ մեր երկկողմ հանդիպումը արդյունավետ կլինի։ Երկկողմ հանդիպումից բացի, նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում Թուրքմենստան-Ադրբեջան-Ուզբեկստան ձևաչափով։ Ինչպես նշեցիք, մենք նույն տարածաշրջանում գտնվող երեք երկրների եղբայրական ժողովուրդներ ենք, ինչը ապագայում կհանգեցնի համագործակցության ավելի մեծ ներուժի, այդ թվում՝ մշակույթի ոլորտում»,-Ալիևի հետ հանդիպմանը նշել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
«Մեր միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների կամքի վրա։ Մեր ժողովուրդները եղբայրներ են, ընկերներ, նրանք դարեր շարունակ մտերիմ են եղել միմյանց հետ: Այսօր Ձեր նախաձեռնությամբ տեղի կունենա Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Ես բարձր եմ գնահատում սա, դա շատ լավ նախաձեռնություն է։ Մեր ժողովուրդներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, լեզուն և կրոնը։ Եղբայրական երկրների կողմից հարցերի քննարկումը եռակողմ ձևաչափով մեծ նշանակություն ունի, այն մեծ օգուտներ կբերի և հիանալի արդյունքներ կտա»,-իր հերթին նշել է Իլհամ Ալիևը։
Երկկողմ հանդիպմանը հաջորդել է Իլհամ Ալիևի, Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը։