Իրանական կողմը երկու նավ է կալանել Հորմուզի նեղուցի շրջանում: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարության հայտարարությանը։
«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կալանել են երկու նավ, որոնք սպառնալիք են ստեղծել անվտանգ նավագնացության համար՝ նավարկելով առանց անհրաժեշտ թույլտվության», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու նավին էլ ուղեկցել են դեպի իրանական ափ։
Ապրիլի 22-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ի կողմից նավերի գնդակոծման երկու դեպքի մասին։
ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել է, որ արգելափակում է մուտքը Հորմուզի նեղուց՝ մինչև ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման չեղարկումը։
Իր հերթին, ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու մասին՝ շեշտելով, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի։



