ԻՀՊԿ-ն արգելել է իր անդամներին օգտագործել կապ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) արգելել է իր զինծառայողներին օգտագործել կապի ցանկացած տեխնիկական միջոց Լիբանանում կապի սարքերի պայթյունների շարքից հետո։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի անվտանգության ծառայություններում ունեցած աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ ԻՀՊԿ-ում զանգվածային ստուգումներ են իրականացվում։ Գերատեսչության ղեկավարությունն անհանգստացած է տեղի ունեցածով եւ «Հեզբոլլահից» խնդրել է տեխնիկական փորձաքննության արդյունքները, ինչպես նաեւ դետոնացված նյութերի մի քանի նմուշներ։

Ինչպես նշել է աղբյուրներից մեկը՝ ԻՀՊԿ-ն սկսել է հետաքննել իր զինծառայողներին եւ միջին եւ բարձր օղակի սպաներին՝ պարզելու համար նրանց, ովքեր դրամական միջոցներ են ստանում Իսրայելի աղբյուրների հետ առնչակցվողներից։ «Ստուգվում են նրանց բանկային հաշիվներն ինչպես Իրանում, այնպես էլ արտասահմանում, ինչպես նաեւ նրանց եւ նրանց ընտանիքների ուղեւորությունների պատմությունները»,- նշել է աղբյուրը։

Սեպտեմբերի 22-ին ԻՀՊԿ-ն հայտնել է իսրայելցի 12 գործակալներից կազմված ցանցի բացահայտման մասին Իրանի վեց նահանգներում։ Նրա տեղեկացմամբ՝ նրանք նախատեսում էին իրականացնել ակցիաներ՝ ուղղված երկրի ազգային անվտանգության խափանմանը։