Ի տարբերություն Սրբազանի, ես ավելի պայքարող դ...

Ես կարծում եմ, որ Միքայել Սրբազանին կճանաչեն մեղավոր, հետո դատավճիռը կլինի, թե ինչ պատիժ պետք է կրի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հարցին՝ ի՞նչն է իրեն բերել դատարանի մոտ, արդյոք ոչ մեղքի զգացումը, նա պատասխանեց. «Ի տարբերություն սրբազանի, ես ավելի պայքարող դիրքերում եմ այդ իմաստով։ Մենք իրեն առաջարկեցինք վարչապետի թեկնածու իմպիչմենտի համար, ինքը չհամաձայնեց, իսկ ես Սրբազանին ճանաչել եմ իր հրապարակային ելույթներով եւ միշտ էլ իրեն համակրել եմ ոչ թե որպես հոգեւորականի, այլ որպես քաղաքացու, որպես հասարակական գործչի։ Ես միշտ էլ բարձր եմ գնահատել իրեն եւ պատահական չէ իմ վերաբերմունքի իր նկատմամբ»։

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։