Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն «Известия»-ի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու հարցին:
– 2018-ի ամռանը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական սկանդալ գրանցվեց. 81-ամյա Օլգա Բարսեղյանը՝ ազգությամբ հայ, Լենինգրադի բլոկադայի միջով անցած կինը, ժամանեց Բաքու, բայց նրան օդանավակայանից դուրս չթողեցին և երկրից արտաքսեցին: Ադրբեջանական իշխանությունները դա բացատրեցին նրանով, որ այս կնոջ համար՝ իբրև հայուհու, Ադրբեջանում գտնվելն անվտանգ չի լինի: Այս միջադեպը ՌԴ ԱԳՆ զայրույթն առաջացրեց: Մեկուկես տարի անց հաջողվե՞լ է արդյոք հարթել այս խնդիրը, թե՞ կարելի է ասել, որ հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը Ադրբեջանում նորմ է դարձել:
– Ես չգիտեմ այդ հակասության մասին, նման բան չեմ հիշում: Ինչ վերաբերում է մուտքի արգելքին՝ երբեմն դա արվում է PR նպատակներով. հայկական ծագմամբ օտարերկրյա քաղաքացիները գիտեն այս հարցի զգայունության աստիճանը: Մենք ասում ենք՝ եթե կան հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ադրբեջան, ի սեր Աստծո, թող գան, բայց նախապես թող առնվազն մեր դեսպանությանը տեղյակ պահեն, որովհետև մենք ՌԴ հետ առանց վիզայի ռեժիմ ունենք, սակայն տեղեկությունը, որ ստացվում է նախապես, մեզ թույլ կտա ինչ-ինչ էքսցեսներից խուսափել՝ հաշվի առնելով գոյություն ունեցող հակամարտության նկատմամբ Ադրբեջանում առկա զգայական ֆոնը: Մենք մեր ռուս գործընկերների հետ այս թեմայով միշտ բավական անկեղծ ենք խոսում:
Նշենք, որ 81-ամյա կնոջ մուտքն արգելելը եզակի դեպք չէր, 2017-ի փետրվարին իր 4 տարեկան երեխայի հետ ՌԴ քաղաքացի կնոջը ժամեր շարունակ օդանավակայանում իրավապահների հսկողության տակ էին պահել, նմանատիպ դեպք էր գրանցվել նաև նախորդ տարեվերջին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի հայ քաղաքացիներին Ադրբեջան մուտքի արգելքն ավանդույթ է դառնում: