Հյուսիսային Կորեայում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում պատրաստ է այցելել երկիր՝ ի պատասխան նրա առաջնորդ Կիմ Չեն Ընի Վլադիվոստոկ կատարած այցի 2023թ. սեպտեմբերին, տեղեկացրել է El Mundo պարբերականը։
Հոդվածում նշվել է, որ Պուտինը կարող էր այդ մասին տեղեկացնել Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հիին հունվարի 15-17-ին Ռուսաստան կատարած նրա այցի ժամանակ։
Թերթի տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահը խնդրել է նաեւ Կիմ Չեն Ընին փոխանցել խորին երախտագիտություն Փհենյան այցելելու հրավերի համար։
Ցոյ Սոն Հիի Ռուսաստան կատարած այցի արդյունքներով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում Պուտինին անվանել են կորեացի ժողովրդի ամենամեծ բարեկամը եւ հույս հայտնել, որ նա շուտով կայցելի Հյուսիսային Կորեա։
2023թ. սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զրահագնացքով ժամանեց Պրիմորիեի Արտյոմ-Պրիմորսկի 1 երկաթուղային կայարան։ Այստեղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեայի առաջնորդին ցուցադրեց գերձայնային ռազմավարական հրթիռակիրներ եւ ռուսական բանակի այլ սպառազինություններ ու ռազմական տեխնիկա։