«Հայաստան» խմբակցության պատգաամավոր Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որում ասում է. «Սիրելի հայրենակիցներ,
Այսօր առավոտվանից նիկոլականները շրջանառում են մոտ մեկ շաբաթ առաջ «Ռիսթարտ» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իմ արտահայտած մի միտք։
Իմ մտքի իմաստը այն էր, որ 2018 թվականին երիտասարդները՝ հույսով լեցուն երիտասարդները, հեղափոխություն իրականացրեցին՝ հավատալով Նիկոլ Փաշինյանին, հավատալով, որ իրենց ավելի լավ ապագա է սպասում։
Այսօր Նիկոլ Փաշինյանին հիմնականում աջակցում են սոցիալապես խոցելի մեր հայրենակիցները։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենք կախվածություն ունեն Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գիտակցաբար մարդկանց պահում են աղքատ վիճակում, որպեսզի կառավարելի լինեն։
Հիշո՞ւմ եք՝ տարեսկզբին ասում էր․ «10 000 դրամ թոշակ տամ, ինչպե՞ս են ծախսելու։ Այնքան թոշակ ունեն, որ կարող են թռնել Կիպրոս, հետ գան երկու անգամ»։ Բայց հենց մեր ճնշման արդյունքում կենսաթոշակները բարձրացվեցին։
Իմ գործունեությունը հրապարակային է եղել և բոլորի աչքի առաջ է եղել, և բոլորը տեսել են, որ սոցիալական արդարության խնդիրները, աղքատության դեմ պայքարի հարցերը միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում։
Սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ իմ այս լեզվի սայթաքումը մեր հայրենակիցների համար վիրավորական կարող է լինել, և ես ներողություն եմ խնդրում դրա համար, անկեղծ ներողություն եմ խնդրում։ Բայց իմ լեզվի սայթաքումը, ի տարբերություն նիկոլականների մեղքերի, ոչ մի մարդու կյանք չեն արժեցել։
Հազարավոր երիտասարդներ չեն զոհվել իրենց քաղաքական սայթաքումների հետևանքով։ Հազարավոր մեր հայրենակիցներ չեն մահացել քովիդը «արաղով բուժելու» արդյունքում։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ չեն տնազրկվել, գաղթական չեն դարձել, ցեղասպանության չեն ենթարկվել անկախ պետականության պայմաններում։
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ եմ ուզում նշել՝ ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել։ Երբեք։
Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ներողություն եմ խնդրում ձեզանից, եթե իմ խոսքերը մարդկանց վիրավորել են։
Լավ մնացեք, և ներողություն ևս մեկ անգամ։
Ուղղակի համեմատեք լեզվի սայթաքումը և քաղաքական այն կուրսը, որը վարում է այսօր Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքում կորցրել ենք Հայրենիք, հազարավոր պայծառ երիտասարդներ, որոնց մասին հենց խոսում էի, հազարավոր մեր հայրենակիցներ տնազրկվել են»։



