Իսրայելի և Լիբանանի ռազմական պաշտոնյաները Պեն...

Իսրայելի և Լիբանանի ռազմական պաշտոնյաները Պենտագոնում մայիսի 29-ին անվտանգության վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն՝ սահմանային իրավիճակի սրման և Լիբանանում Իսրայելի կողմից իրականացվող հարվածների սաստկացման ֆոնին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ անվտանգության վերաբերյալ կայանալիք բանակցությունները կլինեն երկու կողմերի միջև առաջին ուղղակի քննարկումներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության վերջին բռնկումից ի վեր։

ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող ավելի լայն բանակցությունների չորրորդ փուլը սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին։ Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով բանակցությունների երրորդ փուլը տեղի էր ունեցել Վաշինգտոնում մայիսի 14-ին։

Նեթանյահուն այս շաբաթվա սկզբին խոստացել է «ջախջախել» Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորմանը։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին դատապարտել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները՝ մեղադրելով Լիբանանի ղեկավարությանը «սեփական ժողովրդի արյան գնով» բանակցություններ վարելու մեջ։ Խմբավորումը նշել է, որ Բեյրութը չունի լծակներ՝ Իսրայելին երկրի տարածքից դուրս բերելու կամ պատերազմը դադարեցնելու համար։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Իսրայելը նախորդ ամիս ընդլայնել է իր ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավում։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։