Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի IX պլենումի երկրորդ օրը կոչ է արել ակտիվացնել պատերազմին պատրաստվելու ջանքերը «ԱՄՆ աննախադեպ մեքենայությունների պատճառով», տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Եզրափակիչ խոսքում Կորեական թերակղզում ռազմաքաղաքական լուրջ իրավիճակի (որը թեժացել է հանրապետության դեմ ԱՄՆ եւ նրա արբանյակների աննախադեպ մեքենայությունների պատճառով) խոր վերլուծության հիման վրա մարտական խնդիրներ են դրվել Ժողովրդական բանակի, ռազմական արդյունաբերության, միջուկային զենքի եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտների առջեւ՝ արագացնել պատերազմին պատրաստության կատարելագործումը»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաեւ խոստացել է «ընդլայնել եւ զարգացնել ռազմավարական համագործակցության հարաբերությունները հակաիմպերիալիստական եւ ինքնուրույն երկրների հետ» եւ «արիաբար իրականացնել հակաիմպերիալիստական համատեղ գործողություններ եւ համատեղ պայքար (...)՝ ի պատասխան խիստ փոխվող միջազգային քաղաքական կառուցվածքի»։
Նշվել է, որ Կիմ Չեն Ընը ընդգծել է նաեւ աշխատանքի ուղղությունները արտաքին քաղաքական հարաբերությունների եւ Հարավային Կորեայի հետ հարաբերությունների համար։
Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի IX պլենումը սկսվել է դեկտեմբերի 27-ին։ Նպատակը ընթացիկ տարվա արդյունքների ամփոփումը եւ 2024թ. պլանների նախանշումն է։