«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ես եմ...

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ նրանք, ովքեր իրեն «Ռուսաստանի բարեկամ» են համարում, «հիվանդ են»:

«Նրանք սիրում են ասել, որ ես Ռուսաստանի բարեկամն եմ եղել, ես աշխատել եմ Ռուսաստանի համար, ես ռուս լրտես եմ եղել. այս մարդիկ հիվանդ են»,- ասել է Թրամփը:

Միաժամանակ, նախկին նախագահը նշել է, որ հենց իրեն է հաջողվել կասեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը։

«Ռուսաստանի ամենամեծ նախագիծը «Հյուսիսային հոսք 2»-ն է: Սա իր տեսակի մեջ ամենամեծ գազատարն է աշխարհում, որն անցնում է Ռուսաստանից Գերմանիա և ամբողջ Եվրոպա, և ես սպանեցի այն (նկատի ունի՝ դադարեցրել է շինարարությունը-Խմբ.)։ Ոչ ոք դա չէր անի ինձնից բացի, ես դադարեցրեցի այն: Այն կիսով չափ էր կառուցված»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ինքն է ներկայացրել մի շարք պատժամիջոցներ, որոնք արգելափակել են այս շինարարությունը:

Միևնույն ժամանակ Թրամփն ասել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությւոնը շարունակել:

«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը սկսվել է 2018 թվականին, սակայն այն այդպես էլ շահագործման չի հանձնվել գերմանական կողմից սերտիֆիկացման հետ կապված խնդիրների պատճառով։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում, որոնք գազատարները շարքից դուրս են բերել: