Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը համապատա...

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ողջ աշխարհի շահերին, Հնդկաստանը նախագիծն առաջնահերթություն է համարում։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Այդ նախագիծը համապատասխանում է թե՛ մեր, թե՛ ողջ համաշխարհային տնտեսության շահերին։ Այն մտնում է մեր գլխավոր առաջնահերթությունների մեջ»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը եւ Հնդկաստանը նախանշել են համագործակցության քայլերը Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման շրջանակում։

«Այսօր համաձայնեցրել ենք քայլերի մի ամբողջ շարք, որոնք թույլ կտան մեզ ընդլայնել համագործակցությունը, այդ թվում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման, Չեննաի-Վլադիվոստոկ երթուղու ստեղծման եւ Հյուսիսային ծովային ուղու յուրացման գործում համագործակցության համատեքստում, սա շատ հեռանկարային ուղղություն է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝  տրանսպորտային միջանցքի նախագիծը «երկրորդ շնչառության» կարիք չունի, այն արդեն հաստատ կիրականացվի առաջիկայում։ «Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքին, ապա նրան արդեն երկրորդ շնչառություն պետք չէ, այն արդեն ստացել է այդ շնչառությունը։ Այդ նախագիծը մեծ խանդավառություն է առաջացրել բոլոր երկրներում, որոնցից կախված է դրա իրականացումը, եւ այն առաջիկայում հաստատ կիրականացվի»,- ասել է Լավրովը։ «Իհարկե, Արեւմուտքի հանդեպ վստահությունը խիստ սասանվել է, ուստի անգամ հիմնավորումներ կան հենվելու համաշխարհային մեծամասնության դերի վրա համաշխարհային տնտեսության զարգացման գործում, ոչ թե ի վնաս որեւէ մեկի, այլ փոխադարձ շահի հիման վրա»,- ավելացրել է Լավրովը։