ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։ Այս մասին հայտնում է  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը:

«Այն համախմբելու է կուսակցության անդամներին, համակիրներին, ինչպես նաև պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Հանուն հայի, հանուն պետության» կարգախոսի ներքո՝ ընդգծելով ՀՅԴ աշխարհայացքը, գաղափարական հիմքերը և արժեքները։

Միջոցառման ընթացքում ուղերձներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ցուցադրվելու են նաև մի շարք թեմատիկ տեսաֆիլմեր, որոնք ներկայացնում են Դաշնակցության պատմական ուղին, ազատագրական պայքարի կարևոր հանգրվանները և  գործունեությունը ներկայումս։

Հանդիսության նպատակն է արժևորել 135-ամյա քաղաքական ու հասարակական ժառանգությունը, կարևորել ազգային դիմադրողականության գաղափարը և ներկայացնել ՀՅԴ տեսլականն ու մոտեցումները՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։

Միջոցառումն իրականացվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ»։