
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում, որը նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները: Նրանց են միացել նաև հանրային ու քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ:
«Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը՝ Հայաստան-Թուրքիա միջպետական ճանապարհների կարգավորման անվան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բավարարելու համատեքստում են: Դրա վառ ապացույցն է ՀՀ Կառավարության՝ այցի ժամանակացույցն ու օրակարգը գաղտնի պահելը: Մենք այստեղ ենք՝ ասելու, որ դեմ ենք ուրացման քաղաքականությանը», - հայտարարեցին նրանք:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության խոսքով, Թուրքիայի քաղաքականությունը 100 տարի առաջ և հիմա չի փոխվել, նրանք պատրաստ չեն Հայաստանի հետ երկխոսության՝ առանց նախապայմանների: Ակցիայի մասնակիցները պաստառներով են, որոնք հիշեցնում են 1915 թվականի Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին:
«Հայաստանում կա սերունդ, որը պահանջում է Ցեղասպանության ճանաչում և հատուցում, ուստի հայտարարում ենք՝ այս իշխանությունների հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է: Ո՛չ ուրացմանը», - նշեց ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման:
Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը» - ասված էր տարածված հաղորդագրության մեջ: