Հութիները 4 օրվա ընթացքում 4-րդ անգամ թիրախավ...

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հունիսի 4-ի երեկոյան նոր ռազմական գործողություն է իրականացրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Սա հութիների կողմից 4 օրվա ընթացքում Իսրայելի օդանավակայանի 4-րդ թիրախավորումն է։

Հութիների պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտարարության մեջ պարզաբանել է, որ Եմենի զինված ուժերը երկու անօդաչու թռչող սարքերով ռազմական գործողություն են իրականացրել «Յաֆֆա շրջանի Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանի դեմ»։ Նա ընդգծել է, որ գործողությունը «հաջողությամբ հասել է իր նպատակին»։

Սարին նաև ընդգծել է, որ հութիները կշարունակեն Իսրայելի դեմ գործողությունները «մինչև Գազայի դեմ ագրեսիայի դադարեցումը և պաշարման վերացումը»։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ արևելքից արձակված անօդաչու թռչող սարք է որսացել: Երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։