Հունիս ամսվա տվյալներով՝ կենսաթոշակների և նպա...

Հունիս ամսվա տվյալներով՝ կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4140 դրամ։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս տրամադրված հետվճարը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը՝ 258 մլրդ դրամ։

Նախարարությունից հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավել, քան ամսական 6000 դրամը։

Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝

«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ,
«ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ,
«ԱյԴի բանկ» ՓԲԸ,
«Արարատբանկ» ԲԲԸ,
«Արդշինբանկ» ՓԲԸ,
«Արցախ բանկ» ՓԲԸ,
«Էվոկաբանկ» ՓԲԸ,
«Ինեկոբանկ» ՓԲԸ,
«Կոնվերս բանկ» ՓԲԸ,
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,
«Յունիբանկ» ԲԲԸ

«Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել առցանց՝ Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհանի միջոցով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- հայտնում են ԱՍՀ նախարարությունից: