Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային...

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու օգտին: Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն։

«Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Ընդունելով այս որոշումը՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը զրկվել է իր անաչառությունից և հեղինակությունից», - գրել է նախարարն X սոցիալական հարթակում։

ՄՔԴ-ից դուրս գալու Հունգարիայի որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Վիկտոր Օրբանը։ Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, որին կալանավորելու հրամանը ՄՔԴ-ն տվել էր նոյեմբերին. դատարանը Նեթանյահուին մեղադրում է Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մեջ։ Օրբանի խոսքով՝ Իսրայելի վերաբերյալ որոշումը հստակ ցույց է տալիս, որ ՄՔԴ-ն դադարել է լինել անաչառ դատարան՝ հիմնված օրենքի գերակայության վրա։

Բուդապեշտի որոշումը, միջազգային օրենսդրության համաձայն, ուժի մեջ կմտնի մեկ տարի անց։