
Բուդապեշտը չի փոխել իր դիրքորոշումը ռուսական վառելիքից հրաժարման հարցում և առաջարկում է ունենալ «պրագմատիկ և իրատեսական» մոտեցումներ այս առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Հունգարիայի շրջակա միջավայրի և ցիկլային տնտեսության հարցերով պետական քարտուղար Անիկո Ռայիսը։
«Եթե խոսենք մեր դիրքորոշման մասին, ապա մենք տարածաշրջանում այն ոչ շատ երկրներից մեկն ենք, որը ելք չունի դեպի ծով։ Ուստի մեր դիրքորոշումը միշտ հիմնվել է Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա… Սա է մեր դիրքորոշումը՝ պրագմատիզմ և իրագործելիություն», - ասել է նա լրագրողներին ԵՄ խորհրդի շրջակա միջավայրի հարցերով նիստին ժամանելուց հետո։
Ավելի վաղ Եվրամիությունը Միացյալ Նահանգներին կոչ է արել խստացնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է, որ ԵՄ-ն ինքը դադարեցնի ռուսական նավթի գնումները, մաքսատուրքեր սահմանի Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ և օգտագործի սառեցված ռուսական ակտիվները։
Սեպտեմբերի 13-ին Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները գործեն միասին և դադարեցնեն ռուսական նավթի գնումները։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գծով որոշ դաշնակիցների կողմից Ռուսաստանից էներգակիրների ներմուծման շարունակումը «թուլացրել է դաշինքի բանակցային դիրքերը»: