Հունաստանը կստանձնի Կարմիր ծովում Եվրամիության նոր ռազմածովային առաքելության հրամանատարությունը։Այս մասին հաղորդել է El País թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ի աղբյուրներ։
Նշվում է, որ հույն հրամանատարը կգլխավորի Aspides գործողությունը, որն ուղղված է եվրոպական նավերի պաշտպանությանը: Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի իտալական նավի վրա։ Սպասվում է, որ Միության անդամ երկրների արտգործնախարարները փետրվարի 19-ին կհաստատեն մեկ տարվա տևողությամբ գործողության մեկնարկը, որտեղ գործի կդրվեն չորս ֆրեգատներ։
Եվրոպական նավերը կպատասխանեն միայն ծովից հարձակումներին և կրակ չեն արձակի մայրցամաքի ուղղությամբ։ ԵՄ առաքելությունն անկախ կլինի ԱՄՆ-ի գլխավորած Prosperity Guardian գործողությունից, սակայն նրանց միջև կլինի համագործակցություն և կկատարվի տեղեկատվության փոխանակում:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 28 985-ի, վիրավորների թիվը՝ 68 883-ի։
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո եմենցի հութի ապստամբները հայտարարել են, որ հարձակումներ են իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և երկրի հետ կապված նավերին թույլ չեն տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև անկլավում գործողությունները չդադարեցվեն: Անցյալ տարվա նոյեմբերի կեսերից նրանք Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակումներ են գործել տասնյակ քաղաքացիական նավերի վրա: