Շատ լավ է, որ ծառայության ժամկետը կրճատում են...

Այս կառավարությունն անցնող տարիներին որեւէ գործնական քայլ չի իրականացրել մեր զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հարցում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բազմաթիվ առիթներով պաշտպանության նախարարի ներկայությամբ քննադատության ենք ենթարկել, որ մարտական հերթապահության մեջ ընդգրկվող մեր քաղաքացիների, և ֆիզիկական, և հոգեբանական , և առողջական պատրաստվածությունը լուրջ խնդրահարույց է։ Այս նախագծում նշվում  է ատեստացիայի հիման վրա աշխատավարձների բարձրացման մասին, բայց ատեստացիան չի լուծում զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակ վերածելու հիմնախնդիրը և դրա համար կարևորագույն հարցը ամբողջ զինված ուժերի աշխատավարձային ֆոնդի բարձրացումն է, որը կարող է լինել միայն բազային աշխատավարձի փոփոխությամբ։ Շատ հաճախ տարբեր պատճառներով պայմանավորված մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր մեր հայրենակիցներ չեն կարողանում այդ ատեստացիայի արգելքը հաղթահարել և նրանց աշխատավարձը շարունակում է մնալ ցածր»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը շատ լավ մշակված նախընտրական քայլ անվանեց ծառայության ժամկետը 2 տարուց 1,5 տարի դարձնելու նախագիծը. «Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։

Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա, դեմոգրաֆիկական խնդիրներ։ Հապճեպությունը այս նախագծի այն է, որ երբ որ որեւէ օրենք մշակում են, ուսումնասիրում են, թե այս օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ և փոփոխությունների փաթեթով են բերում։

Անցած տարվա փետրվարին Հայկ Սարգսյանի հայտնի նախագիծն  էր բանակից խուսափածների վերաբերյալ, որտեղ ուրիշ ժամկետ է նշվում, 24 ամիս չծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ, 18 ամիս ծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ։

Բացի այդ, այս նախագծում չկա, որ օրենքը տարածվում է զինված ուժերում այս թվականին զորակոչված այսօր ծառայող զինվորների վրա։

Ստացվում է, որ 2026 թվականի ամռանը զորակոչվելու է պայմանական Գեղամ Մանուկյանը, որը ծառայելու է մեկ տարի ու իր հետ ծառայող մեկ այլ զինվոր ծառայելու է երկու տարի։ Սա հոգեբանական պրոբլեմ է, չի կարող երկու տեսակի զինվոր լինել զինված ուժերում»,–ասաց նա։

Հարցին՝ իրենք դե՞մ են քվեարկելու նախագծին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Եկեք դեռ չշտապենք, որովհետև Ազգային ժողով մուտք չի եղել։ Կան խնդիրներ, որոնք պետք է ճշգրտվեն, հստակեցվեն, անորոշություններ չլինեն և նաև հաշվի առնեն անվտանգային գործոնները»։