Հս. Կորեան շուրջ 11,000 զինվոր է ուղարկել ՌԴ՝...

Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ մոտ 11,000 հյուսիսկորեացի զինվոր վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը The War Zone-ին ասել է, որ այդ զորքերը պատրաստ կլինեն մասնակցել ռազմական գործողություններին արդեն նոյեմբերի 1-ի դրությամբ։

Բուդանովի խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետևակային զորքերը կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։ Սպասվում է, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի ՌԴ Կուրսկի շրջան, որտեղ ներխուժել են ուկրաինական զորքերը և կօգնի ռուսական կողմին դուրս մղել հակառակորդի ուժերը:

Ըստ հետախուզության պետի՝ առայժմ անհասկանալի է, թե ուր է գնալու հյուսիսկորեական զորքերի մնացած մասը։

«Այս պահին մենք չունենք ամբողջական պատկերը», - մեջբերում է The War Zone-ն Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ղեկավարի խոսքերը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր առմամբ 10,000 զինվոր ուղարկել ՌԴ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։