ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը՝ չխոչընդոտել...

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին, քայլեր ձեռնարկել միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:

Հանձնաժողովը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել ոստիկանությանը և ուժային այլ կառույցներին. յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հանրային վայրերում կազմակերպված կամ ինքնաբուխ հավաքների, անկախ կատարվող գործողությունների բնույթից: Իրադարձությունների լուսաբանման համար որևէ մարմնի՝ իշխանական տարբեր կառույցների կողմից, իրազեկում և հավատարմագրում չի նախատեսում:

Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հետևանքով խախտվում է Հայաստանի քաղաքացիների՝ երկրում ընթացող գործընթացների մասին, օպերատիվ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Հանձնաժողովը կոչ է անում ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ»: