ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստ, որի օրակարգում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունն էր։ Հայտնում են ՀՊՏՀ-ի կայքում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ խորհրդի նիստը կայանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և օրենսդրական ակտերի շրջանակներում և ներկայացրեց նիստի օրակարգը։ Խորհուրդը հաստատեց օրակարգը, աշխատակարգը և համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների՝ սահմանված պահանջներին համապատասխանության որոշումը։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 թեկնածուները՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը, հանդես եկան ծրագրային ելույթներով՝ ՀՊՏՀ բարեփոխման և զարգացման հայեցակարգի հիմնադրույթների ներկայացմամբ։