Հովտաշեն համայնքում գործող ձկնաբուծարանում ՍԱ...

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝

  • ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին,
  • չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա,
  • ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին,
  • չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել է 58 տոննա ձուկ:

Տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբեյալ: