Հորմուզի նեղուցը բաց չի լինի Իրանին հարվածել...

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց չի լինի Իրանին հարվածել ցանկացող որևէ երկրի համար։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Լրագրողների հետ ճեպազրույցում Բաղային ասել է, որ նավերի անցումը նեղուցով կիրականացվի հատուկ պայմաններով՝  պայմանավորված անվտանգային իրավիճակով, որը ստեղծվել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակմամբ։ Նա շեշտել է, որ անցումը գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ և որևէ երկիր չի կարող այն օգտագործել իրանական տարածքի վրա հարձակում գործելու նպատակով։

Բաղայիի խոսքով՝ Իրանը, որպես ափամերձ երկիր, իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցում՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը։

Նա ընդգծել է, որ Իրանը պատմականորեն եղել է Հորմուզի նեղուցով անվտանգ անցման պահապանը, իսկ ներկայիս պայմանների մեղավորը ԱՄՆ-ն և Իսրայելն են։

ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Իրանը բանակցային գործընթացում երբեք չի վստահել ԱՄՆ-ին։ Նա նաև ընդգծել է, որ չնայած ամերիկյան կողմի քայլերին՝ Իրանը մշտապես ցույց է տվել, որ պատրաստ է ներգրավվել բանակցություններում։