Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարո...

Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի նոր օրենքին համապատասխան, որը մոտ ժամանակներս կընդունի Իրանի խորհրդարանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:

«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Շուտով Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ նոր համակարգ կգերիշխի այդ ջրուղու նկատմամբ: Անվտանգության ապահովումն ու նավերին ծառայությունների տրամադրումը կիրականացվեն տուրքերի միջոցով (նեղուցով անցման համար), որոնք նախատեսված են օրինագծով», - մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը:

Մարտի 26-ին Իրանի խորհրդարանի հանրային բարեկարգման հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ռեզայի Քուչին հայտնել էր, որ երկրի խորհրդարանը կընդունի օրենք Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարի գանձման մասին:

Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը թույլ է տվել Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին, Չինաստանին և Պակիստանին:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանեց՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի 1 ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։ Մինչև պատերազմը Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 70 ԱՄՆ դոլար, այժմ այն հասել է 116 ԱՄՆ դոլարի։