Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդար...

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելլի վաղ հայտնել էինք, որ այսօր կրկին մի շարք անձինք, որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ և էկոակտիվիստներ, փակել են Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը։