Հորդանանը հայտարարել է, որ թույլ չի տա՝ երկիր...

Հորդանանի կառավարությունը հայտարարել է, որ թույլ չի տա, որ  երկիրը ռազմադաշտի վերածվի,  հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

«Հորդանանի և հորդանանցիների պաշտպանությունը մեր առաջնային պարտականությունն է»,-տեղական լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության խոսնակ Մոհամմադ Մոմանին:

Նրա խոսքերը հնչել են Իսրայելի ուղղությամբ Իրանը հրթիռներ արձակելուց հետո: Հորդանանը փակել է իր օդային տարածքը:

Մոմանին, ով նաև կառավարական կապի նախարարն է, հավելել է, որ հրթիռների մի մասն ընկել է թագավորության տարբեր շրջաններում, ինչի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Միևնույն ժամանակ, թագավորության հանրային անվտանգության վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Հորդանանի թագավորական օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքել են Հորդանանի օդային տարածք ներխուժած մի քանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերին»: