Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհայի...

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գներն ընդհանուր առմամբ նվազել են, որը գլխավորապես պայմանավորված է համաշխարհային պաշարների առատությամբ, հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)՝ ուրբաթ հրապարակված հենանիշային ցուցանիշների տեղեկագրում։

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արձանագրում է առավել լայն սպառում ունեցող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում կազմել է 126.4 միավոր, որը 1.6 տոկոսով ցածր է սեպտեմբերի վերանայված ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 1.3 տոկոսով, ընդ որում անկում է գրանցվել բոլոր հիմնական հացահատիկների խմբերում։ Մասնավորապես ցորենի գների ինդեքսը նվազել է 1.0 տոկոսով, խոշոր հացահատիկների ինդեքսը՝ 1.1 տոկոսով, իսկ ՊԳԿ-ի բոլոր տեսակի բրնձի գների ինդեքսը՝ 2.5 տոկոսով։

ՊԳԿ մսի գների ինդեքսը խոզի մսի և թռչնամսի գների կտրուկ անկման հետևանքով հոկտեմբերին նվազել է 2.0 տոկոսով։ Մինչդեռ տավարի մսի գները շարունակական աճ են գրանցել՝ Ավստրալիայից մատակարարվող մթերքի բարձր գնանշումների և համաշխարհային կայուն պահանջարկի ֆոնին։

Եվրոպական միությունից և Նոր Զելանդիայից արտահանման մեծ ծավալներով պայմանավորված կարագի գները կտրուկ անկում են ունեցել, որի հետևանքով ՊԳԿ կաթնամթերքի գների ինդեքսը հոկտեմբերին նվազել է 3.4 տոկոսով։ Կաթի փոշու միջազգային գներն ևս նվազել են՝ ներմուծման սահմանափակ պահանջարկի և արտահանման ուժեղ մրցակցության հետևանքով։

ՊԳԿ շաքարի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 5․3 տոկոսով՝ 2020 թ․-ի դեկտեմբերից ի վեր հասնելով ամենացածր մակարդակին։ Այս անկումը պայմանավորված է Բրազիլիայում շաքարի արտադրության բարձր տեմպերով, ինչպես նաև Թայլանդում ու Հնդկաստանում ակնկալվող ավելի մեծ արտադրական ծավալներով։ Բացի այդ, հում նավթի գների նվազումը լրացուցիչ ճնշում է գործադրել համաշխարհային շաքարի գների վրա, քանի որ կենսավառելիքի շուկայի պահանջարկը նվազել է։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը, ի հակադրություն ընդհանուր գների նվազման, հոկտեմբերին աճել է 0,9 տոկոսով՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2022 թ․-ի հուլիսից ի վեր։ Մի շարք գործոններով, այդ թվում՝ կենսավառելիքի կիրառման պարտադիր պահանջներով և Սևծովյան տարածաշրջանում բերքահավաքի ուշացումներով, պայմանավորված արմավենու, սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի  միջազգային գներն աճել են։

Տվյալներին և մանրամասներին ծանոթանալու համար անցնել այս հղումով։

Ըստ կանխատեսումների հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը և պաշարները կհասնեն ռեկորդային ցուցանիշների:

Ուրբաթ օրը ՊԳԿ-ն նաև հրապարակեց հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային շուկայի վերաբերյալ թարմացված կանխատեսումներ։
Հացահատիկի համաշխարհային արտադրությունը, կանխատեսումների համաձայն, 2025 թ-ին կաճի 4.4 տոկոսով՝ հասնելով նոր ռեկորդային ցուցանիշի՝ 2 990 միլիոն տոննայի։ Կանխատեսվում է, որ արտադրության աճ կարձանագրվի բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի խմբերում։

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի նոր թողարկումը նաև կանխատեսում է, որ 2025/26 թթ․-ին հացահատիկային մշակաբույսերի սպառումը ևս կաճի նախորդ տարվա համեմատ 1,8 տոկոսով՝ հասնելով 2929 միլիոն տոնայի։ Աճը հիմնականում պայմանավորված կլինի պաշարների առատությամբ և ցածր գներով: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ հացահատիկի օգտագործումը որպես անասնակերի կաճի ավելի արագ տեմպերով։

Ըստ թարմացված կանխատեսումների՝ հացահատիկի համաշխարհային պաշարները կավելանան 5.7 տոկոսով՝ հասնելով ռեկորդային առավելագույնի՝ 916.3 միլիոն տոննայի։
Արդյունքում, 2025/26 թթ․-ին հացահատիկի համաշխարհային պաշարների և սպառման հարաբերակցությունը կանխատեսվում է, որ կհասնի 31.1 տոկոսի, որը կլինի ամենաբարձր մակարդակը 2017/18 թթ․-ից ի վեր։

ՊԳԿ-ի թարմացված կանխատեսման համաձայն՝ 2025/26 թթ․ սեզոնին հացահատիկի համաշխարհային առևտուրը կաճի 3.2 տոկոսով՝ հասնելով 499.5 միլիոն տոննայի։
Միջազգային ցորենի առևտուրը սպասվում է, որ կաճի կայուն տեմպերով՝ հիմնականում Ասիայից ներկրման ծավալների աճի շնորհիվ, մինչդեռ համաշխարհային բրնձի առևտուրը, ըստ կանխատեսումների, զգալիորեն կնվազի։

Լրացուցիչ մանրամասները հասանելի են այս հղումով։

Հացահատիկային մշակաբույսերի շուկայի վերաբերյալ ավելի մանրամասն վերլուծությունը կներկայացվի ՊԳԿ-ի առաջիկա «Պարենային հեռանկար» հաշվետվությունում, որը կհրապարակվի նոյեմբերի 13-ին։

ՊԳԿ-ի կողմից համակարգվող Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը հրապարակեց «Շուկաների ամենամսյա տեղեկագիրը»։

Տեղեկագիրը, շուկայի ընթացիկ զարգացումների վերաբերյալ թարմացված տեղեկություններ ներկայացնելուց բացի, ներառում է նաև հիմնական սննդամթերքների արտահանման սահմանափակումների վերջին միտումների վերլուծություն։ Ըստ զեկույցի՝ այդ սահմանափակումները ներկայումս մեղմացման միտում ունեն, մասնավորապես՝ Արգենտինայի, Հնդկաստանի և Ռուսաստանի Դաշնության կողմից, որոնք 2024 թ. հունվարից մինչև 2025 թ. հունիսը եղել են նման միջոցառումներ կիրառած հիմնական երկրները։