«Հոգի կանչեք» կամ «կոֆեի բաժակ նայեք», որ իմա...

Ռուսը կասեր՝ «Цирк приехал в наш город»։ Արդեն երեք օր է ՀՀ ԱԱԾ-ն լծված է դարակազմիկ ու տիեզերացունց գործի՝ «ֆեյք» է բռնում։ Չէ, սա անեկդոտ չէ։ Սա ողբերգություն է։ Ինչու։ Որովհետեւ նույնիսկ ամենավատ երազում նույնիսկ հնարավոր չէր տեսնել, որ ՀՀ ԱԱԾ-ն, որը ժամանակին համարվում էր հետսովետական տարածքի ամենից լավ պատրաստված հատուկ ծառայություններից մեկը, կարող է հասնել այնտեղ, որ սկսի զբաղվել «ֆեյք» բռնելով, ու ընդ որում՝ նույնիսկ այդ հարցում հաջողության չհասնի։ Փաստորեն՝ սատանաներ բռնելուց հետո, հերթը հասավ «ֆեյք» բռնելուն։ Գուցե այս ամենը անեկդոտային լիներ, եթե Հայաստանում չլիներ, Հայաստանին չվերաբերեր։

Ու ինչ ունենք այսօր՝ ձերբակալվածներ եւ կալանավորված մարդիկ «ֆեյքի» գործով, իր գործունեությունը շարունակող «ֆեյք», որը կարելի է որակել «իշխանության վրա կայֆավատ լինել» բառերով, իշխանության եւ ԱԱԾ վրա լիաթոք ղժժացող հանրություն, ու անհարմար վիճակ, երբ ամեն խուզարկությունից հետո «ֆեյքը» հերթական «գլուխգործոցն» է ճպպացնում։ Եւ հա՝ ունենք չափազանց լավ PR-ված «ֆեյք», որը այսօր արդեն շնորհիվ ԱԱԾ-ի դարձել է հանրային տրամադրություններ ստեղծող, օրակարգ ձեւավորող գործոն։ Ու եթե մինչ «ֆեյք բռնոցու» տրագիկոմեդիան այդ ֆեյսբուքյան օգտահաշիվ այցելում եւ գրառումները կարդում էր ենթադրենք 10 հազար մարդ, ապա հիմա այդ թիվը մի քանի տասնյակ անգամ բազմապատկվել է այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն չափազանց լուրջ դեմքով հայտարարություն տարածեց իր «քաջագործության» մասին։

Եթե «ֆեյք» բռնելու հրամանը ԱԱԾ-ին տվել է Նիկոլ Փաշինյանը, ապա կարող ենք ասել, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գործ ունենք անառողջ հոգեկան ներաշխարհ ունեցող մարդու հետ։ Սակայն կա մի հարց՝ արդեն տեւական ժամանակ այդ էջը գրառումներ էր կատարում Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների մասին։

Ինչու՞ հենց հիմա որոշեցին այդ «կլոունադան» սարքել։ Գուցե այդ «կլոունադայով» ուշադրություն են շեղում, փորձում հասարակությանը զբաղեցնել։ Կա նաեւ մեկ այլ վարկած, որ հենց էջում գրառում հայտնվեց ԱԱԾ պետի մասին, ԱԱԾ-ն խառնվեց իրար։ Հավանական տարբերակ է։ Բայց հաշվի առնելով «օպերացիայի» տապալումը, իսկ այդ «օպերացիան» տապալված է, որովհետեւ էջում գրառումները շարունակվում են հայտնվել, եւ հանրային մեծ աղմուկն ու առնվազն ֆեյսբուքյան սեգմենտում հասարակության «լիաթոք ղժժոցը» այս թեմայով, առնվազն պետք է արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարը «մահապարտ» է, քանի որ այն տհաճ ու անհարմար իրավիճակի համար, որում այսօր իշխանությունն է հայտնվել այս գործով, պատասխանատուն ու նաեւ՝ քավության նոխազը, առաջին հերթին ԱԱԾ պետն է։

Ի դեպ, լավ հուշում իշխանություններին՝ «ֆեյք բռնոցու» օպերացիայում կարելի է դիմել գուշակների կամ հոգի կանչողների օգնությանը։