Հնդկաստանը սեփական արտադրության կալանիչ հրթիռ...

Հնդկաստանը հուլիսի 24-ին  իրականացրել է սեփական արտադրության Advansed Area Defense (AD) կալանիչ հրթիռի հաջող փորձարկումներ՝ երկրի հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի ստեղծման երկրորդ փուլի շրջանակներում: Այս մասին հայտնել է The Times of India պարբերականը։

Նշվում է, որ ըստ Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO)՝ կալանիչ հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը, որը նմանակում էր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի։ 

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է հրթիռը մշակողներին հաջող փորձարկումների կապակցությամբ։

«Նրանք կրկին ցուցադրել են Հնդկաստանի հնարավորությունները հակահրթիռային պաշտպանության բնագավառում», - հայտարարել է գերատեսչության ղեկավարը։

AD-ն մեծ հեռահարության երկաստիճան, պինդ վառելիքով կալանիչ հրթիռ է, որը նախատեսված է հավանական հակառակորդի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ինքնաթիռների ոչ մթնոլորտային և ներմթնոլորտային կալանման համար։

Հնդկաստանը ստեղծում է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը ունակ է ոչնչացնելու մինչև 5 000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ: