Հնդկաստանը պլանավորում է փակել օդային տարածքը...

Հնդկաստանը քննարկում է պակիստանյան ավիափոխադրողների համար իր օդային տարածքը փակելու և պակիստանյան նավերին Հնդկաստանի նավահանգիստներ մուտքն  արգելելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրների։

Ինչպես նշում է հրատարակությունը, այդ դեպքում Պակիստանն ստիպված կլինի ինքնաթիռներն ուղարկել Չինաստանի կամ Շրի Լանկայի տարածքով՝ Հարավարևելյան Ասիայի պետություններ հասնելու համար։ 

Ավելի վաղ Պակիստանն էր իր օդային տարածքը փակել Հնդկաստանի համար՝ ի պատասխան Նյու Դելիի քայլերի, որոնք ձեռնարկվել էին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։

Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Ջամու և Քաշմիրի Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում։ Զոհվել են Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ըստ The Hindustan Times-ի աղբյուրների՝ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները  հայտնաբերել են Պահալգամում «Լաշքար է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության մասնակցության ապացույցներ։ 

Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը գրեթե կիսով չափ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, պերսոնա նոն գրատա է հայտարարել Պակիստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության զինվորական խորհրդականներին, փակել է սահմանային «Աթթարի» առանցքային անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև դադարեցրել են Իսլամաբադի հետ ջրային պաշարների բաշխման և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման համաձայնագրերը։