Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը և Նարեկ Բաբայանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Երկկողմ կապերի սերտացման հարցում ԱԺ փոխնախագահը կարևորել է դեսպանի արգասաբեր աշխատանքը:
Բարեկամական խմբի անդամները խոսել են տարածաշրջանային զարգացումներից, անդրադարձել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրմանը: Կարևորվել են մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծումը, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և կալանավորված այլ անձանց անհապաղ ազատ արձակումը:
Կողմերը համակարծիք են եղել, որ, մասնավորապես, տնտեսական, պաշտպանության, մշակութային և զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունից, կարևորել հաճախակի փոխայցերը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Նիլակշի Սահա Սինհան ընդգծել է. «Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն ուժեղ, իսկ տարածաշրջանը՝ խաղաղ»:



