Հնդկաստանում Պակիստանի գնդակոծության հետևանքո...

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի միութենական տարածքի Փունչ շրջանի վերահսկողության գծում Պակիստանի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Տարածաշրջանում ևս 59 մարդ վիրավորվել է, որոնցից 44-ը՝ Փունչում։ Այս մասին հաղորդում է  ANI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Ինտենսիվ գնդակոծությունը տեղի է ունեցել՝ ի պատասխան Հնդկաստանի բանակի կողմից մայիսի 7-ին իրականացված «Սինդուր գործողության», որի ընթացքում թիրախավորվել էին Պակիստանում և նրա վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի հատվածում 9 օբյեկտներ, որոնք, ըստ հնդկական կողմի՝ ծառայում էին որպես ահաբեկչական ճամբարներ։

ANI-ն նշում է, որ Պակիստանն ապրիլի 26-ի գիշերվանից փոքր հրազեններով անդադար խախտել է հրադադարը վերահսկողության գծում։

«Սինդուր գործողությունից» հետո, նշում է գործակալությունը, Պակիստանի բանակը շարունակել է հրադադարի խախտումները՝ թիրախավորելով բնակելի հատվածներ Ջամու և Քաշմիրի տարբեր սահմանամերձ շրջաններում։ 

Մայիսի 7-ի գնդակոծություններից հետո տարհանված և մայիսի 8-ին իրենց տներ վերադարձած բազմաթիվ բնակիչներ նշել են իրենց սեփականությանը հասցված լուրջ վնասի մասին։ 

Իր հերթին Պակիստանը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից իրականացված հարվածներից զոհվել է 31 մարդ, 57 մարդ՝ վիրավորվել։

«Սինդուր գործողությունը» Հնդկաստանի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։