Հնդկաստանում հեղեղումների հետևանքով ավելի քան...

Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների հետեւանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Times of India թերթին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով առնվազն ութ մարդ անհետ կորած է համարվում։

«Հորդառատ անձրևների հետևանքով կիրակի օրը 31 մարդ է զոհվել Ռաջաստանում, Հիմաչալ Պրադեշում, Ուտար Պրադեշում և Փենջաբում»,- հայտնում է թերթը։

Ամենամեծ թվով տուժածները գրանցվել են Ռաջաստան նահանգում, որտեղ զոհվել է 17 մարդ, հինգը համարվում են անհետ կորած։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Press Trust of India-ն հայտնել էր, որ Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 20 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետեւանքով առաջացած սողանքների պատճառով: